Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Սցենար, որին ամենից շատ ինքս չէի ցանկանա հավատալ

Սցենար, որին ամենից շատ ինքս չէի ցանկանա հավատալ
11.05.2024 | 20:11

Օր առաջին։ Մարդկանց հոծ բազմություն Հանրապետության հրապարակում։ Բագրատ սրբազանը հայտարարում է 7-10 օր համբերատար պայքարի անհրաժեշտության մասին։

Օր երկրորդ։ Քաղաքական ընդդիմության մի հատված «իր ռեսուրսը» թույլ է աշխատեցնում։ Շարքերը նոսրանում են, ինչը տեղի է տալիս հուսահատական բնույթի տարաբնույթ խոսակցությունների։

Օր երրորդ։ Ընդդիմության մեջ սկսում են ի հայտ գալ ընդդիմության շերտեր։ Հուսահատությունը սկսում է գեներացվել։

Օր Չորրորդ։ Սկիզբ է առնում հանրահավաքի առաջնորդների վարկաբեկման գործընթացը։ Զանազան զուգորդություններ նախկին շարժումների անհաջողություններին հետ, շահադիտական քննադատություններ։ Ի դեպ, որոշ խմբեր, ի սկզբանե հատուկ նկատառումով, դեմոնստրատիվ ձևով աջակցություն են հայտնել շարժմանը, որպեսզի չորրորդ օրը գործելու «լեգիտիմություն» վաստակեն։

Օր հինգերորդ։ Քնում են «քննադատները», արթնանում են «կոնսպիրոլոգները»։ Ծնվում են դավադրական տեսություններ, որոնք շարժումը կապում են իշխանությունների հետ։

Օր վեցերորդ։ Կոնսպիրոլոգները սկսում են գեոպոլիտիկ հարթության մեջ փնտրել տափակ հիմնավորումներ։ Օրինակ, եթե Պուտինի դաբրոն չունենար, վաղուց էր Նիկոլը հեռացվել։

Եվ այսպես, չնայած Բագրատ սրբազանը 7-10 օր համբերատար ու նվիրական պայքարի հորդոր էր հղել, 6-րդ օրվա ավարտին շարժումն այլևս միարժեք չի ընկալվում։

Հ.Գ. Ամեն շարժում, իր ծավալմամբ ու բովանդակությամբ, այնուհանդերձ, յուրահատուկ է։ Հետևաբար, շատ կցանկանայի, որ այս պայքարը արդյունքի առումով ևս լիներ յուրահատուկ։ Ինքս Բագրատ սրբազանի պայքարի մասնիկն եմ ու հավատալու եմ այս պայքարի նվիրականությանն ու անկեղծությանը` անկախ ելքից։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 5995

Մեկնաբանություններ